«Հանճարը չունի ազգություն: ՆԱ և Հայրենիքը հակադրություններ են...
Պարզապես Հանճարը նաև սիրում է այն հողը, որտեղ ծնվել է, իսկ Հայրենիքը
և՛ սիրում, և՛ իր մեջ սպանում է Հանճարին»
Լևոն ԽԵՉՈՅԱՆ. «Եվրոպայի երկաթե ճանապարհներին»
Ուրբաթ, դեկտեմբերի 13: Նախ իմացանք, որ բանաստեղծ, թարգմանիչ Հրաչ Բեյլերյանն է կյանքից անժամանակ հեռացել: Հետո էլ լրահոսում լուր հայտնվեց, որ դեռ ամիսներ առաջ Գերմանիա բուժման նպատակով մեկնած արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի վիճակը վատացել է, գումար է պետք, որ նրան անկողնային վիճակում տեղափոխեն Հայաստան, չեն գտնում: Լուրն ամբողջ օրը պտտվեց սոցցանցերում, տակնուվրա արեց Լևոնին ճանաչողների, մտերիմների ու նաև չճանաչողների սիրտն ու հոգին: Սկսեցին ուղիներ մտմտալ, իրար իմաց անել, որ Լևոնի վերադարձը Հայրենիք պետք է ֆինանսավորել ամեն կերպ: Եվ չնայած ամբողջ օրը Լևոն Խեչոյանի մտերիմները ահազանգում էին այդ մասին, Մշակույթի նախարարությունը լռում էր, Գերմանիայում ՀՀ դեսպանատնից էլ որոշակի պատասխան չստացանք:
Հայաստանում երբ պետք է, որ պաշտոնյային, նրա մերձավորին օգնելուն պետք է՝ գումար գտնվում է: Նույն պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների արտերկրյա վոյաժների համար, որոնք Հայաստանի համար որևէ կենսական հարց չեն լուծել մինչ օրս, կարող են նույն պետբյուջեից ֆանտաստիկ գումարներ հատկացնել և իրազեկում, հաշվետվություն չպահանջել, թե ուր են գնում, ինչու են գնում, ինչ խնդիր են լուծում գնալ-գալով: Իսկ ահա Լևոն Խեչոյանի նման մտավորականի համար, որոնք մատների հաշվով են մնացել երկրում, գումար դժվար է գտնելը:
Նույն կերպ եղավ երկուսուկես տարի առաջ, երբ գումար էր պետք բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին՝ արտերկիր բուժման ուղարկելու համար: Լրատվությունը սփռվեց, տարածվեց մամուլով, հեռուստաընկերությամբ, դիմեցին սփյուռքահայերի օգնությանը, մինչև իշխանությունները «գլխի ընկան» և հատկացրեցին պահանջվող գումարը:
Ամբողջ օրվա ընթացքում միայն Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանից տեղեկացա, որ փորձում է ելքեր գտնել Լևոն Խեչոյանին օգնելու համար: Օրվա վերջում էլ լրահոս սպրդեց մի տեղեկատվություն, որ ՀՀ կառավարությունը ութ միլիոն դրամ է հատկացրել գրողին Գերմանիայից Հայաստան տեղափոխելու համար, որի ժամանակ նաև բժշկական օգնություն է անհրաժեշտ:
Հետ գնացի, հետ գնացի ու հիշեցի, որ անցյալ դարի իննսունականներին, երբ մեր երկիրը պատերազմի մեջ էր, և մենք էլ ավելի ծանր ու դժվար օրեր էինք ապրում, արտերկրում բուժման կարիք ուներ տաղանդավոր երգահան Ռուբեն Հախվերդյանը: Եվ ՀՀ իշխանությունները այն ժամանակ նախագահական ֆոնդից գտան անհրաժեշտ գումարն ու հատկացրեցին Ռուբեն Հախվերդյանին: Առանց ավելորդ աղմուկի: Եվ դրանից հետո Հախվերդյանն ու իր երգերը շարունակում են մեզ ուղեկցել արդեն քսան տարի:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ